Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հունիսի 25-ից հանրային քննարկման դրված հանրակրթության պետական չափորոշչի նախագծի վերաբերյալ, որը հուլիսի 10-ին առաքվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
«Հաշվի առնելով Հայոց Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայոց դպրոցի հիմնադրության, զարգացման և կայացման գործում, ինչպես և անխուսափելի պատասխանատվությունը սերունդներին ազգային, հոգևոր-բարոյական առաքինությունների ոգով ուսուցանելու և դաստիարակելու առաքելության մեջ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես դրսևորում է նախաձեռնողականություն` առավելագույն նպաստ բերելու Հայաստանի կրթական համակարգի բարեփոխմանը: Այս առումով Եկեղեցին ողջունում է հայրենի իշխանությունների յուրաքանչյուր նախաձեռնություն` ուղղված հանրակրթության որակի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը:
Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Եկեղեցի-Պետություն հարաբերությունները կանոնակարգելու և առկա հարցերը կարգավորելու նպատակով 2019 թ. հունվարի 29-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ:
Վերջինիս շրջանակներում որոշվեց ձևավորել երկկողմանի` թեմատիկ հինգ ենթախմբեր, որոնցից մեկը Կրթական հարցերով աշխատանքային ենթախումբն է: Ցավով ենք արձանագրում, սակայն, որ առ այսօր, պետական պատկան մարմինների կողմից Կրթական հարցերին առնչվող ենթախմբի կազմը ձևավորված չլինելու պատճառով, հնարավոր չի եղել ունենալ հանդիպումներ և քննարկումներ:
Օրեր առաջ կրթության պետական լիազոր մարմնի կողմից շրջանառության մեջ դրվեց Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը (այսուհետև` Նախագիծ), որի մշակման գործընթացին, հակառակ ձեռք բերված պայմանավորվածություններին, Եկեղեցին այդպես էլ չհրավիրվեց մասնակցելու: Այսուհանդերձ, հաշվի առնելով այլևս կայացած իրողությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը (այսուհետև` Կրթական հարցերով ենթախումբ), նախագծի վերաբերյալ իր դիրքորոշման շրջանակներում արձանագրում է.
Ա. Նախագծի ընդհանուր դրույթներ բաժնում արձանագրված է, որ վերջինիս նպատակն է սահմանել «հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ), տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները»:
Ըստ էության, Նախագիծը կոչված է սահմանելու դպրոցի շրջանավարտների հոգևոր, մտավոր կարողությունների և վարքագծային դրսևորումների նշաձողը, որոնք դիտարկվում են որպես առաջնահերթություններ ու անհրաժեշտություններ ՀՀ քաղաքացու համար: Այսուհանդերձ, հետագա շարադրանքում շոշափելիորեն չի երևում, թե միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտների համար սահմանված որակական պահանջները որքանով են համարժեք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մասնավորաբար` մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգության ապահովման, ազգային արժեքների և ինքնության անխաթար պահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին»:Մայր
Ամբողջական հրապարակումը՝ նշված հղումում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







