Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության գործով հարուցվել է քրեական գործ:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող մի ընկերության տնօրենը Կոտայքի մարզի Մեղրաձոր խոշորացված համայնքին պատկանող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատարածքի վրա, որը գտնվել է ընկերության հանգստի բազայի անմիջական հարևանությամբ, 2018 թվականին ինքնակամ կառուցել է 140 քմ մակերեսով շինություն, ապա հիշյալ շինությունն ու դրան հարակից 10630 քմ մակերեսով հողատարածքը, հանգստի բազային միացնելու, միասնական տարածք դարձնելու և նպատակային օգտագործելու դիտավորությամբ, գեոդեզիայի, չափագրման և հողաշինարարության համապատասխան մասնագետին, ապա Մեղրաձորի նախկին համայնքապետին ու Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանց դրդել է կազմակերպել համայնքին պատկանող վերը նշված հողատարածքի սեփականաշնորհման գործընթացը։
Վերջիններս մեղադրվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված մի շարք դրույթներ ու ընթացակարգեր խախտելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու ու հաստատելու մեջ, որոնց հիման վրա կազմակերպել և անցկացրել են ձևական աճուրդ։ Արդյունքում` տվյալ հողատարածքը, այլ կարգավիճակով, ընդամենը 1 միլիոն 730 հազար դրամով օտարել են ՀՖՖ նախկին նախագահին փաստացի պատկանող ընկերությանը, ինչի հետևանքով համայնքի բյուջե չի մուտքագրվել հավելյալ 6 միլիոն 440 հազար դրամից ավելի գումար։
Դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







