ՀՀ Կառավարությունն այսօր՝ հուլիսի 16-ին, տեղի ունեցած նիստում որոշեց համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին 2020 թվականի ինն ամսում հատկացնել 2,646,243.5 ՀՀ դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով։
Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ մարզպետարաններին հատկացնել 2,646,243.5 ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
ՀՀ կառավարության 2019 թվականի համապատասխան որոշումներով համայնքների ծրագրերի համաֆինանսավորման համար ՀՀ պետական բյուջեից մարզպետարաններին հատկացվել են սուբվենցիայի պայմանագրում նշված տոկոսային հարաբերակցությանը համապատասխան գումարները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները դեկտեմբեր ամսին ավարտվել են, սակայն դրանց ավարտի և շահագործման ընդունման փաստագրման գործընթացները ընթացքի մեջ էին, ինչպես նաև եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոշ ծրագրերի մասով աշխատանքները չէին ավարտվել, ուստի այդ ծրագրերի իրականացման համար մարզպետարաններին հատկացված գումարները մասամբ կամ ամբողջությամբ հետ են վերադարձվել ՀՀ պետական բյուջե:
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երակարաձգվել է մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







