Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և նախաձեռնության անդամներն այսօր՝ հուլիսի 10-ին, Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։
Չախալյանը նշեց, որ իրենք նամակ են բերել հանձնելու հանրապետության նախագահին, ամոթանք տալու Լանզարոտեի կոնվենցիայի ընդունման համար:
«Այս մարդիկ ուզում են այսպիսի ճնշումներով մեր դպրոցներից վերացնեն հայոց եկեղեցու պատմությունը, թուլացնեն հայոց լեզուն և հայ ժողովրդի պատմությունը և դրա փոխարեն սեռական դաստիարակության և այլասերության քարոզ մտցնել, որպեսզի կարողանան իրենց ծրագիրը կյանքի կոչել»,- նշեց Վահագն Չախալյանը:
Ըստ Չախալյանի՝ ոստիկանությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում, երբ ակցիա են անում ծխախոտի մաքսանենգության դեմ, կամ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ոստիկանությունը թույլ է տալիս ակցիան, բայց երբ խոսքը վերաբերում է ազգային արժանապատվությանը, թույլ չեն տալիս։
«Մենք բերել ենք նամակ՝ հանձնելու, նաև ուզում ենք մամուլի ասուլիս անել, ինչպես մի քանի օր առաջ այստեղ այլ ուժի ներկայացուցիչներ ասուլիս են արել»,- ասաց Չախալյանը, որը դիմակ չէր կրում։
Ոստիկանությունը երկու րոպե ժամանակ տվեց վայրը լքելու համար, որից հետո նրանց բերման ենթարկեցին: Բերման ենթարկվողների մեջ էին Վահագն Չախալյանը,Սոնա Աղեկյանը, որ նույնպես դիմակով չէր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







