Aravot.am-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսով հիվանդանալու մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում, ընդ որում վարակվել են ոչ միայն այնտեղ խնամվող շահառուներ, այլև աշխատակիցներ։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ թեստավորել են 150 խնամվողների և 66 աշխատակցի, խնամվողներից 55-ի թեստի պատասխանը, ցավոք, եղել է դրական։
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը հաստատել է այս տեղեկությունը։ Նա ասաց, որ 37-ը հոսպիտալացվել են, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաև մայրաքաղաքում և Սպիտակում։ Մեկ հոգի երեկ մահացել է Սպիտակում։ Մարզպետարանի պաշտոնյան նաև ասաց, որ ծերանոցում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում և հսկվելու են։
Վարչության պետը նաև ավելացրեց, որ նրանք գրանցված են Վ․Աբաջյանի անվան թիվ 3 ընտանեկան բժշկական կենտրոնում։ Բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարվել է վերցնե լցուցակն ու հսկողություն իրականացնել այնպես, ինչպես տնային պայմաններում բուժվողների նկատմամբ են հսկողություն իրականացնում, նույն սկզբունքը պետք է ունենան նաև ծերանոցի շահառուների նկատմամբ։ Պետք է վերցվեն ամենօրյա տեղեկատվություն, ջերմաչափում, կարիքի դեպքում՝ հիվանդի զննում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







