Հանրապետությունում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ ծանր․ շաբաթ և կիրակի օրերին շուրջ 100 նոր դեպք ենք ունեցել։ Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ առողջապահական համակարգը շարունակում է ծանրաբեռնված աշխատել։
Վարչապետը նշեց, որ աշխարհի տարբեր ծայրերից լուրեր են գալիս համավարակի նոր ալիքների բռնկման մասին։
Փաշինյանը նշեց, որ ռազմավարությունը շարունակում է նույնը մնալ․ իրավիճակը հնարավոր է հաղթահարել քաղաքացիների անհատական վարքի փոփոխությամբ․առանց վարքագծի փոփոխության միայն վարչական մեթոդները արդյունք չեն տա։
«Շաբաթ օրը շրջայց եմ կարտարել Ավան վարչական շրջանում, դիմակներ բաժանել ու նկատել, որ քաղաքացիները չեն հավատում իրենց անհատական վարքագծի փոփոխության ազդեցությանը կոնկրետ իրավիճակի վրա։ Նույնիսկ շատերը չեն բախվել այն իրավիճակի հետ, որ ունենան ծանոթներ, որոնք վարակված են կորոնավիրուսով»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց Կամիր խաչի կամավորներին դիմակներ բաժանելու ու քաղաքացիներին հակահամաճարակային կանոնների մասին իրազեկելու համար՝ հույս հայտնելով, որ նոր կազմակերպություններ կմիանան այդ ակցիային։
Կառավարության ղեկավարը հայտնեց, որ մի քանի օրվա ընթացքում դիմակ չկրելու համար ոստիկանությունը կազմել է ավելի քան 3000 արձանագրություն՝ նշելով, որ տուգաքների մասին իրազեկելու նպատակը քաղաքացիներին քաջալերելն է, որ դիմակ կրեն։
«Այս ողջ պատմության մեջ մենք ունենք ռազմավարական կարմիր գիծ․ այն պահին, երբ տեսնենք, որ մեր առողջապահական համակարգը չի կարողանում ծայրահեղ լարվածության պայմաններում սպասարկել քաղաքացիներին, այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին՝ իմանալով, որ սա մեծ հարված է լինելու տնտեսությանը»,- ասաց վարչապետը՝ հույս հայտնելով, որ քաղաքացիները կգնան վարքագծային փոփոխությունների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







