ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ հուլիսի 1-ին այցելել է կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված Վեդու և Արտաշատի բժշկական կենտրոններ, ֆեյսբուքի իր էջում հայտնել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Այցելության ժամանակ զրուցել ենք բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Բժշկական կենտրոնների տնօրենների հետ զրուցել ենք նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին»,-գրել է մարզպետը:
Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Առողջապահության նախարարության միջոցներով Վեդու բժշկական կենտրոնում 5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը, 32 թթվածնային կետ է ավելացվել հիվանդասենյակներում, հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել է նոր՝ ավտոմատացվածով, տեխնիկապես հագեցվել է բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը (գերժամանակակից, շարժական, թվային ռենտգեն սարքավորում):
Առաջիկայում նախատեսվում է նաև վերելակի տեղադրում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







