ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վաղը՝ հուլիսի 2-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում կայանալիք դատական նիստին չի ներկայանալու՝ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված լինելու պատճառով։ Այս մասին հայտնել է NEWS.am-ը՝ հղում անելով Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանին։
«Մենք՝ փաստաբաններս, պատրաստակամ ենք, որպեսզի դատական նիստն ընթանա. արդեն դատարանը կորոշի։ Ծառուկյանն առաջին ատյանի դատարանում իր ակտիվ մասնակցությունն է ունեցել, իր դիրքորոշումն է հայտնել միջնորդության վերաբերյալ, իր ելույթն է ունեցել»,- ասել է նա։
Հարցին՝ ինչպե՞ս է Ծառուկյանի առողջական վիճակը, Խաչատրյանն ասել է. «Մի քիչ ջերմություն ունի, պահպանողական բուժում է ստանում, ամեն դեպքում նորմալ է»։
Անդրադառնալով Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի առողջական վիճակին՝ նա ասել է. «Որդու մոտ արդեն դեպի կարգավորում է գնում»։
Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է, որ դատական նիստը հետաձգվի այնքան ժամանակ, մինչեւ Ծառուկյանը առողջանա, պաշտպանն ասել է. «Մենք բժշկական փաստաթղթերը ներկայացնելու ենք դատարանին, որպեսզի դատարանը հարգելի համարի պարոն Ծառուկյանի չներկայանալը։ Ամեն դեպքում այդ բողոքները քննության ենթակա են»։
Լրագրողի դիտարկմանը, որ փաստաբանները նույնպես շփվել են Ծառուկյանի հետ, եւ հարցին՝ արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսային հիվանդության թեստ հանձնել, Խաչատրյանն ասել է, որ վաղը պատրաստվում է թեստավորվել. «Ես ամսի 21-ից սկսած սերտ կոնտակտային շփում չեմ ունեցել։ Ես վաղը պատրաստվում եմ թեստավորվել, եթե պարզվի, որ վարակված եմ, ապա ես նույնպես չեմ ներկայանա նիստին։ Այս պահին ես որեւէ գանգատ չունեմ»։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրի