ՀՀ Կառավարությունն այսօր՝ հունիսի 11-ին, տեղի ունեցած նիստում սահմանեց բջջային հեռախոսներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբեյալ նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական և տարեկան հաղորդումներ ներկայացնելու առավելագույն չափը։
Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում։
Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում՝ բացառությամբ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքերի, այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային, քանի որ այդ իրավախախտումներն ամբողջությամբ հնարավոր չի լինում նախականխել, կանխել կամ հայտնաբերել նաև ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերին:
Նշվում է, որ խնդիրն առավել մտահոգիչ է Հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի բնակավայրերում, միջպետական, հանրապետական ու մարզային և այլ նշանակությամբ ճանապարհներին միաժամանակ և անընդմեջ ապահովվի հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահանջների պահպանման նկատմամբ:
Չարամիտ կամ միջանձնային հարաբերություններով պայամանավորված հավելվածն այլ նպատակներով օգտագործելու հնարավոր ռիսկը կանխելու նպատակով սահմանվում է հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում ներկայացնելու չափը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







