Եվրոպական միությունը, ՄԱԿ-ի գործընկերներն ու ՀՀ կառավարությունը մեկնարկել են «Մաքուր օդ՝ Հայաստանում առողջության և կանաչ աճի համար» (EU4Clean Air in Armenia) ծրագիրը, հայտնել է ԵՄ-ի հայաստանյան ներկայացչությունը։
Ծրագրի բյուջեն կազմում է 2 մլն եվրո, որը համատեղ ֆինանսավորում են ԵՄ-ն, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (UNECE), Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (WHO) և Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությունը (UBA)։
Ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար։ Այդ ընթացքում նախատեսվում է արդիականացնել և ընդլայնել օդի որակի մոնիթորինգի ազգային ցանցը, օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին, ինչպես նաև աջակցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (CEPA) ստանձնած պարտավորությունների կատարմանը։
Քաղաքացիների համար օդի աղտոտվածության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը բարելավելու նպատակով կստեղծվեն հատուկ պորտալ և բջջային հավելվածներ։
Փետրվարի 26-ին տեղի էին ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումները՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:
ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը 2020 թվականին հիշեցրել էր, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմքը դեռևս 2017 թվականին ստորագրված CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) համաձայնագիրն է: Նրա դրույթների 80%-ի իրացումն սկսվել է 2018 թվականին։ Ադոնցի խոսքով՝ այս փաստաթուղթը Երևան-Բրյուսել հարաբերությունների յուրօրինակ սահմանադրությունն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







