Եթե կորոնավիրուսով պայմանվորված իրավիճակը կանխատեսելի լիներ, ընդդիմադիր գործընկերներն այդքան արագ և կտրուկ չէին փոխի իրենց դիրքորոշումները։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
«Սկզբում չէին ասի, որ պետք չեն սահմանափակումներ, հետո արագ փոխեին, ասեին՝ պետք են սահմանափակումներ։ Սկզբում չէին ասի, որ պետք չէ այդքան խստացնել, հետո՝ պետք է խստացնել, հետո՝ նորից փոխել»,- ասաց Մակունցը։
Նա ասաց, որ չի քննադատում ընդդիմությանը, այլ այս ամենի վրա հիմնավորում է, որ իրավիճակը անկանխատեսելի և պահանջում է իրավիճակային մոտեցում։ Մակունցը սրանով հիմնավորեց, թե ինչու են երեկ կողմ քվեարկել իրենց գործընկերոջ նախագծին, իսկ այսօր դեմ են հանդես գալիս դրան։
«Իրավիճակն այնպիսին է, որ բոլորս անխտիր՝ անկախ քաղաքական հայացներից, կուսակցական պատկանելիությունից պետք է հանդես գանք միասնական ճակատով և միասնական ուղերձներով, որ քաղաքացիներին շփոթության մեջ չգցենք, որովհետև այդ շփոթությունը վտանգում է անմիջապես մեր քաղաքացիների կյանքը։ Ես հավատում եմ Ձեր անկեղծ մղումներն, բոլորս ուզում ենք այս իրավիճակն արագ ու խորքային կերպով հաղթահարել։ Դրա համար պետք է համախմբվել»,- ասաց Մակունցը։
Նա նկատեց, որ միայն սոցիալական ծրագրերով չի լուծվելու խնդիրը, այլ խնդիրը պետք է դառնա բոլորի մտահոգության առարկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







