Նոր տիպի համաճարակի հետ կապված իրավիճակը մեր երկրում շարունակում է ահագնանալ, այս մասին պարետատան նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ Հայաստանում օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի ու մակարդակի չի հասել: «Ըստ էության, մենք գործ ունենք կանոնների պահպանման հետ կապված վարչարարության կոշտության պակասության հետ: Եվ այս ամեն ինչը նաև սրվում է երկրում հաստատված այն մթնոլորտով, որ եթե վարունգի, պոմիդորի կամ որևէ այլ վաճառքի կետ շատ չոր կերպով փակվի, ի հայտ կգան մեկնաբանություններ, որ ըստ ամենայնի երկրի վարչապետը որոշել է պոմիդորի, կամ կանաչիի, կամ, չգիտեմ, կոշիկի առևտրի մենաշնորհ հաստատել: Եվ այս ամենի արդյունքում ստանում ենք այս վիճակը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ։ Եթե անվտանգության կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք համատարած արգելափակումների՝ զուգորդելով պարետային ժամերով, երկիրը ենթարկելով նոր սոցիալական և տնտեսական ցնցումների, կամ մենք միասին իրար հետ համագործակցված՝ կառավարություն- հասարակական հատված, իրար հետ հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արձանագրում արդյունքներ»,- հայտարարեց վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







