Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները
«Հրապարակ» օրաթերթ.
- Ըստ թերթի պարզվում է` սոցապնախարար Զարուհի Բաթոյանը սանիկ-ազգականների հանդեպ «մեծ սեր ունի»՝ ոչ միայն նախարարության աշխատակազմի ղեկավար Մաչյանն է իր բարեկամը, այլեւ սոցապծառայության պետ Անի Ամիրշադյանը (նրանց տատերը հարազատ քույրեր են)։ «Ամիրշադյանը հատուկ արտոնություններ է վայելում։ Նա վերջերս ամուսնացել է, մեղրամիսն անցկացրել Իտալիայում, որտեղից վերադառնալուց հետո երկու շաբաթ մեկուսացվել է, աշխատանքի չի ներկայացել, այնուհանդերձ, ստացել է ոչ միայն աշխատավարձը, այլեւ պարգեւավճարը` մոտ 1 մլն դրամ։ Ի դեպ, այդ կառույցի մյուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է շեֆի վարձատրության 10-15 տոկոսը»,-գրել է թերթը։
- ««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը դարձել է խմբակցության անդամների «աչքի փուշը»․ նա մի կողմից ժանդարմի դեր է ստանձնել խմբակցությունում, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանին տրամադրում է պատգամավորների դեմ եւ տեղեկատվություն փոխանցում խոհանոցից»,-գրել է թերթը։ Ըստ թերթի՝ «Իմ քայլի» չորս պատգամավորներին մանդատից զրկելու հարցը Սիմիդյանն է հետեւողականորեն առաջ տանում։ «Ընդ որում, նրանցից մեկն իր մերձավոր ընկերն է եղել՝ Վարդան Աթաբեկյանը։ Մյուս երեք պատգամավորներն են՝ Սոֆյա Հովսեփյանը, Աննա Կարապետյանը եւ Թագուհի Թովմասյանը։ Սակայն բոլոր չորսն էլ հրաժարվում են կամավոր դիմում գրել»,-գրել է թերթը։
- Թերթը հիշեցրել է, որ «Մհեր Սեդրակյանի նկատմամբ անցած տարի դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ 2002 թվականին Էրեբունու Վարդավառ զբոսայգու տարածքն ապօրինի օտարելու փաստով․ 1999-2005 թթ․ նա եղել է Էրեբունու թաղապետը: Թերթի հետ զրույցում Սեդրակյանը քրեական գործի վերաբերյալ ասել է, որ մեկ անգամ կանչվել է. «Ես ինքնագլուխ բան չեմ արել, քաղաքապետի որոշում ա եղել, կառավարության որոշում»: Իսկ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունուման հետ կապված նշել է. «Չունեմ, ինչի՞ պիտի ունենամ, իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն, էդ լճի կողքը, որ իբր մի հսկա առանձնատուն էին նկարել-գցել․ դա չի իմ տունը, հետեւում համեստ, մեկհարկանի տուն է»: Սեդրակյանը հիշել է իր անցյալը, թե ինչպես է ժամանակին էժան բենզին բերել երկիր, իր պես բարերար մարդուն դրա համար չէին կարող վարձահատույց չլինել, այդ միջոցներով է կառուցել իր տունը. «1992-1994 թվականներին ես բենզինով հեղեղել էի ամբողջ հանրապետությունը, ես էի, չէ՞, Վանո Սիրադեղյանի խնդրանքով հանրապետության ամբողջ բենզինը բերում»,-գրել է թերթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







