Ի տարբերություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մենք չենք ուզում ամեն ինչ սկսել զրոյական կետից, այսօր ունենք բանակցային դիրք, որը պետք է լավարկել, Հանրային հեռուստաընկերության եթերում հայարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի նորաստեղծ քաղաքական ուժը «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված։
«Սխալ սպասելիքներ չտանք, թե ԱՄՆ-ի կողմից խաղաղությունը երաշխավորված է։ Մեզ պետք է ոչ թե «վկա», այլ երաշխավոր։ Տեսնում ենք, որ տարածաշրջանային բազում դեպքերի ժամանակ, երբ ունենք ընդամենը մեկ երաշխավոր և, օրինակ, տարածաշրջանային երկրներն ունեն մեկ երաշխավոր, տարբեր ժամանակային փոփոխությունների արդյունքում այդ երաշխավորն ունենում է իր ազգային առաջնահերթությունները, ու այն երկիրը, ում երաշխավորում է, մնում է առանց պաշտպանության։ Մեկից ավելի երաշխավորը կօգնի մեզ, որպեսզի ունենանք երկարաժամկետ երաշխավորված խաղաղություն, իսկ վկայի կարգավիճակն այս պահին, կարծում եմ, բավարար չէ, բայց շատ ողջունելի է, որ ունենք ԱՄՆ-ի պես գերտերության մասնակցություն ՀՀ անվտանգային հարցերով»,- հայտարարել է Կարապետյանը։
Ըստ նրա՝ «Թրամփի ուղու» հետ կապված կան հարցեր․ առաջինը՝ որքա՞ն ամրապնդված է լինելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչքա՞ն է գործելու Հայաստանի օրենսդրությունն այդ նախագծով։
Արձագանքելով հարցին՝ թե ինչպե՞ս կարող է Ռուսաստանը լինել Հայաստանի անվտանգության երաշխավորների թվում ԱՄՆ-ի կողմից տրանսպորտային նախագծի պարագայում, Կարապետյանը նշել է. «Սյունիքի, մեր պատմական Զանգեզուրի և, ընդհանրապես, ՀՀ տարածքային ամբողջականությունն ԱՄՆ-ի շահերից է բխում, Իրանի շահերից է բխում, ինչո՞ւ չէ՝ Ռուսաստանի շահերից։ Ասեմ ավելին, նաև ունենալով ույղուրական մեծ համայնք՝ Չինաստանի շահից էլ է բխում։ Հնարավոր է աշխատել, որպեսզի ունենանք կոնսենսուս»։
Ըստ նրա՝ տարածաշրջանում նաև ուկրաինական պատերազմի ավարտը լինելու է այդ ձևաչափով։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13-ին Վաշինգտոնում ստորագրել էին TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը: Այս հռչակագրով Հայաստանը պարտավորվում է առանձին ընթացակարգեր մշակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև մարդկանց, տրանսպորտի և ապրանքների տեղափոխման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







