Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում «վտանգաշատ հավաքի նախաձեռնությունն ստանձնած սրբազան Հայրերին», ասված է Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսի հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով»,- նշել է Մայր Աթոռը։
Պաշտոնական Էջմիածինն ընդգծել է՝ պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։
«Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը»,- ասված է հայտարարության մեջ։
Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել «նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը»։
Եկեղեցու 10 եպիսկոպոս, ովքեր նոյեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրաժարական ներկայացնել, դեկտեմբերի 17-ին հանդես էին եկել նոր հայտարարությամբ: Նրանք կոչ էին արել միանալ իրենց դեկտեմբերի 18-ին Էջմիածնում և պահանջել Գարեգին Երկրորդի հրաժարականը:
Այս հայտարարությունից հետո մեկ այլ հայտարարությամբ էր հանդես եկել Արագածոտնի թեմը և հայտնել, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը՝ ժամը 17:00-ին:
Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո մի շարք քաղաքացիներ, քաղաքական գործիչներ ևս հայտնել են, որ լինելու են Էջմիածնում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







