ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակելու որոշման մասին՝ տեղեկացնելով, որ այն կապված է տվյալ հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր նախատեսվող սահմանազատման աշխատանքների հետ։
Ապրիլի 22-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Տավուշի մարզի սահմանամերձ շրջանում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ։
ՆԳՆ-ից հայտնել են, որ ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նկատառումով նրանց մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար։
Նախարարությունը հերքել է նաև «Ադրբեջանին տարածքներ հանձնելու» մասին ԶԼՄ-ներում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը։
«Լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը: Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»,- հավելել են ՆԳՆ-ից։
ՀՀ ԱԳՆ ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Ակցիաների պատճառ էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի՝ ավելի ուշ արված հայտարարությունը, ըստ որի սահմանազատումից հետո Զինված ուժերը նշված հատվածների շրջանում իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին, իսկ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն է՛լ ավելի կմոտենա Կիրանց և Ոսկեպար գյուղերին։ Ապրիլի 19-ից մեկնարկած ակցիաները շարունակվում են նաև ապրիլի 23-ին։ Քաղաքացիները շարունակում են փակ պահել Կիրանց-Ոսկեպար ճանապարհը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







