Կառավարության ապրիլի 22-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ընդդիմության գործելաոճի մասին, ասաց, որ հնարավոր ռեսուրսներով լուրեր են տարածվում, թե ինքը պատրաստվում է Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին փաստաթուղթ ստորագրել։ Այս ընթացքում և այս պահին չի եղել ու չկա ԼՂ կարգավորման հարցով որևէ փաստաթուղթ կամ նույնիսկ սևագիր, ասաց վարչապետն ու հավելեց, որ Արցախն իր կամ առարկա չէ, որ հանձնեն, Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է։
«Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, պատրերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովենք արցախցիների վերադարձն իրենց տներ»,- ասաց նա՝ հավելելով, որ հակառակը՝ մեծ քանակով ներդրումներ են կատարել արցախցուն Արցախում պահելու համար։
«Մենք աննախադեպ ծավալի ներդրումներ ենք իրականացնում Արցախում, որովհետև Արցախը պահել՝ նշանակում է արցախցուն պահել Արցախում, Հայաստանը պահել՝ նշանակում է հայաստանցուն պահել Հայաստանում և մի բան էլ հեռացածներին վերադարձնել»,- հավելեց նա:
Իսկ դա, Փաշինյանի խոսքով, առանց խաղաղության անել հնարավոր չէ, դրա համար վերահաստատում է, որ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել Արցախի թիկունքում։ Սխալ է համարում նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի օրինակով դատելը։ Չէ՞ որ, վարչապետի խոսքով, այդ ժամանակ ինքը պետք է արագ որոշում կայացներ՝ փրկելու 25 000 զինվորի կյանքը։ Իսկ այսօր բոլոր փաստաթղթերի բովանդակությունը ծանոթ է ժողովրդին, այդ թվում՝ 5-կետանոց փաստաթուղթը։
Փաշինյանը նաև մեկնաբանեց իր իսկ հայտարարությունը, թե միջազգային հանրությունը պահանջում է մի փոքր իջեցնել ԼՂ կարգավիճակի նշաձողը, և ընդդիմության արձագանքն այս հայտարարությանը։ Նա ընդգծեց, որ այդ պահանջը միշտ ամրագրված է եղել՝ և՛ ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում, և՛ Քի Ուեսթում, և՛ Մադրիդյան սկզբունքներում։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







