ՀՀ ՊՆ-ն հերքել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն հայտարարությունը, որ բանակում ժամկետանց դեղեր, չաշխատող շտապօգնության մեքենաներ կան։
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը բացառել է պիտանիությունն սպառած ժամկետով դեղորայքի տրամադրումը զինծառայողներին կամ դրանցով բուժման կազմակերպումը։
Նա նաև նշել է , որ Զինված ուժերի զորային բժշկական ծառայությունում կիրառվող տրանսպորտային միջոցները շտապօգնության մեքենաներ չեն, այլ բարձր անցողունակությամբ սանիտարական տրանսպորտային միջոցներ, որոնք նախատեսված են բանակային դիրքերից կամ զորամասերից տուժածների և հիվանդների տեղափոխությունը որակավորված բուժօգնության փուլեր (հոսպիտալներ, քաղաքացիական կամ մարզային բուժհաստատություններ) արագ կազմակերպելու համար։
Ըստ ՊՆ մամուլի խոսնակի՝ մինչև տարեվերջ նախատեսվում է զորամասերին բաշխել սանիտարական 30 ավտոմեքենա, իսկ 2026 թվականին նախատեսվում է զորային բժշկական ծառայությունը համալրել զրահապատ սանիտարական նոր մեքենաներով։






































