ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում ԱՄՆ պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու հարցը, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Նշվում է, որ կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ներկա ընթացքին և երկարաժամկետ, ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։
Ըստ հաղորդագրության՝ Պապիկյանը և Կոլբին ընդգծել են «ԱՄՆ ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում» կայուն և տևական անվտանգության հաստատման գործընթացում:
Նրանք անդրադարձել են նաև ռազմական կրթության և պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։
Հոկտեմբերի 14-ին Պապիկյանն ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ քննարկել էր պաշտպանության ոլորտում երկու երկրների գործընկերությանն առնչվող հարցեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







