Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, հայտնում է Sputnik Грузия-ն։
Նախարարները քննարկել են նաև ռազմավարական գործընկերությունը, եռակողմ համագործակցության զարգացման ծրագրերը։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ կողմերը տեղեկություններ են փոխանակել պաշտպանական բարեփոխումների վերաբերյալ։ Հանդիպումից հետո նրանք ստորագրել են համատեղ հռչակագիր։ Տեղի են ունեցել նաև երկկողմ բանակցություններ։
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ադրբեջանցի գործընկեր Զաքիր Հասանովի հետ զրույցում երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունն անվանել է տարածաշրջանային անվտանգության և զարգացման հիմք։ Չիկովանին վերահաստատել է Թբիլիսիի պատրաստակամությունը՝ նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Կողմերը քննարկել են նաև Ադրբեջանի զինծառայողների մասնակցությունը բազմազգ համատեղ զորավարժություններին և վարժանքներին, ինչպես նաև հետագա համագործակցության հեռանկարները։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, իր հերթին, հանդիպել է Հասանովի հետ եռակողմ բանակցությունների շրջանակներում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







