Արցախյան 44-օրյա պատերազմի 7 մասնակից վերադարձրել է մարտական գործողություններին մասնակցության համար ստացած պարգևները՝ մեղադրելով իշխանություններին «պայքարն արժեզրկելու» մեջ։ Կառավարության շենքի մոտ նրանց ակցիայի ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի YouTube-ալիքով։
Կառավարության շենքի աստիճանների վրա՝ անձրևի տակ, զինվորականները շարել էին Գարեգին Նժդեհ, Անդրանիկ Օզանյան, Դրաստամատ Կանայան, «Մարտական ծառայության համար» մեդալները, «Մարտական խաչ» շքանշաններն ու այլ պարգևներ, որոնք զինվորներին շնորհվել էին Հայաստանի նախագահի, Արցախի նախագահի և Պաշտպանության նախարարի կողմից։
44-օրյա պատերազմի մասնակից Հայկ Նավասարդյանը լրագրողներին հայտնել է, որ հանձնում է Գարեգին Նժդեհ մեդալը՝ այդպես իր բողոքն արտահայտելով իշխանությունների քաղաքականությանը։
«Բոլորս ենք տեսնում, որ իշխանությունն իմաստազրկում է բոլոր այն արժեքները, որոնց համար պայքարել ենք ու ստացել մեդալներ և շքանշաններ։ Այս քայլով մենք ուզում ենք ցույց տալ, որ հաշտ չենք այդ քաղաքականության հետ։ Այս մեդալները մեզ համար մեծ արժեք ունեն, բայց դրանց հիմքում ավելի մեծ արժեքներ են, որոնք արտահայտված են ոչ թե սիմվոլով, այլ մեր սրտերում են։ Մենք դեմ ենք այն ամենի արժեզրկմանը, ինչի համար պայքարել ենք»,- ասել է պատերազմի մասնակիցը։
44-օրյա պատերազմին որպես կամավոր մասնակցած Ալբերտ Թադևոսյանը նշել է, որ Գարեգին Նժդեհ մեդալից հրաժարվում է կառավարության քաղաքականության պատճառով։
«Ես չեմ ուզում կրել մեդալ, երբ իշխանությունը չի արժևորում պայքարը։ Մենք չենք ուզում ապրել մի երկրում, որը շուտով գոյություն չի ունենալու իրենց քաղաքականության հետևանքով»,- հավելել է Թադևոսյանը։
Պատերազմի մասնակից Արման Մխիթարյանի խոսքով՝ «թեպետ սահմանն էին պաշտպանում, բայց հիմա պարզվում է՝ թշնամին թե՛ երկրի ներսում, թե՛ թիկունքում է»։
«Երբ մեր երկիրն ազատագրենք, նոր կարժանանք այս պարգևներին»,- շեշտել է Մխիթարյանը։
Պատերազմի մասնակից Արման Պետրոսյանն ավելի վաղ հայտնել էր նախատեսվող ակցիայի մասին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր շքանշան, յուրաքանչյուր մեդալ, որը տրվել է մարտական առաջադրանք կատարելու, խիզախություն և նվիրվածություն ցուցաբերելու համար, իր խորքում կրել է ազատագրական պայքարի և Արցախյան շարժման ոգին։
«Բայց այսօր, երբ իշխանությունը հրաժարվել է ազգային-ազատագրական պայքարից և անգամ ինքնորոշման իրավունքից, այդ պարգևները կորցրել են իրենց բովանդակությունը։ Այդ շքանշաններն ու պարգևատրումները ոչ միայն արժեզրկվել են, այլ դարձել են ամենօրյա ինքնախաբեության խորհրդանիշ»,- հավելել էր Պետրոսյանը։
2025-ին լրացել է 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը գերազանցել էր 4000-ը։ Պաշտոնական տվյալներով` անհետ կորածների թիվը 195 է։
Կարդացեք նաև՝

























