Բնակարանի գնման սերտիֆիկատ ստացած 120 սպաներից միայն 30 հոգի է կարողացել ձեռք բերել բնակարան: Մնացած 90 հոգին, սերտիֆիկատները ձեռքներին, չեն կարողանում գտնել բնակարան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի փոխգնդապետ Կարեն Հակոբյանը:
«Մարդկանց ավտոմատ սթրեսի են ենթարկում, պատկերացրեք մի մեծ պակետ, որ մարդիկ այդ փաստաթղթերը թարմացնում են»։ Նա հայտնել է, որ այս հարցով զբաղվող բնակարանային հանձնաժողովը մինչ օրս ոչ մի նիստ չի իրականացրել։ «Ես մտածում եմ, որ նրանք միտումնավոր կերպով այդ նիստերը հետաձգեցին, քանի որ 2020 թվականի վերջում այդ սերտիֆիկատի ժամկետը լրանում է։ Եթե մարդիկ չեն կարողանում ձեռք բերել, մեկ տարի հետո այդ սերտիֆիկատը զրոյանում է։ Ամենակարևորը Կադաստրի տված փաստաթուղթն է, որը վաղեմության ժամկետ ունի՝ 15-30 օր»,-հայտնել է նա։ Հակոբյանի խոսքով՝ սերտիֆիկատով նախատեսված բնակարանների կադաստրային արժեքն ու իրական արժեքը մեծ տարբերություն է տալիս։ «Եթե կառավարությունը չփոխեց իր դիրքորոշումը երևանաբնակների վերաբերյալ, այդ գործը գնալու է մինչև Եվրոդատարան»,-հավելել է նա։ Ըստ Հակոբյանի՝ 2017-ից մեկնարկած «Զինվորական հիպոտեկների» վերաբերյալ մինչ օրս ոչ մի ծրագիր չի իրականացվել։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում զինվորական ծառայությունից երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունքով արձակված և զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային ապահովության իրավունք ունեցող հաշվառված նախկին զինծառայողներին, որոնց զինվորական ծառայության ընթացքում չի տրամադրվել անհատույց սեփականության իրավունքով բնակարան, տնամերձ հողամաս կամ անհատույց պետական ֆինանսական աջակցություն, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով բնակարան կամ բնակելի տուն գնելու համար 2019 թ. հունիսի 1-ից մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը տրամադրվում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` բնակարանի գնման վկայագրերի միջոցով։