Երկու օր է Սոթք, Կութ, Վերին շորժա ճակատով տեղային մարտեր են: Երեկվա համեմատ ճակատի որոշակի ընդլայնում կա: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խնբակցության պատգամավոր Տիրգրան Աբրահամյանը:
«Թե իրավիճակն ինչ հանգուցալուծում կունենա` դժվար է ասել: Որոշակի իմաստով թելադրողը` իրավիճակն է, որը կարող է վերահսկողությունից դուրս գալ:
Մարտերը բացի բուն սահմանագծից նաև տեղեկատվական մակարդակում են: Ճիշտ է` ՊՆ պաշտոնական հաղորդագրությունները զուսպ են, սակայն իշխանական քարոզչությունը դրված է անառողջ ուռճացումների վրա», – գրել է Աբրհամյանը:
Նրա խոսքով՝ զինվորը, հրամանատարը տեղում լուրջ խնդիր են լուծում, բայց «վերևից իջեցվող քարոզչական պերեդոզն ավելի շատ վնաս է հասցնում, քան սատարում է խնդիր կատարող մեր զինծառայողներին»։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության նոր փուլը սկսվել է մայիսի 11-ին, երբ, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության, ադրբեջանական զինուժը սկսել է գնդակոծել Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի մերձակայքում գտնվող հայկական դիրքերը՝ հրետանուց և ականանետերից։ Առավոտյան ժամը 6։00֊ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի մոտ վիրավորված հայ զինծառայողների թիվը հասել է չորսի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ին, Սոթքի վրա ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով ևս երկու հայ զինվոր է վիրավորվել։ Մայիսի 12-ի երեկոյան Հայաստանի պաշտպանության գերատեսչությունը հայտնել է ադրբեջանական զինուժի գնդակոծության ժամանակ ևս երկու վիրավորի մասին։ Ադրբեջանական կողմը հայտնել է փոխհրաձգության հետևանքով երկու զինվորի մահվան և մեկ զինվորի վիրավորվելու մասին։