Զինված ուժերում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի առնչությամբ կատարված աշխատանքներում պաշտոնանկությունները ընդամենը հետևություններից մեկն են, շատ ավելի լուրջ աշխատանքներ են տարվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, հայտնել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում:
«Պաշտոնանկությունները հետևություններից ընդամենը մեկն էր: Շատ ավելի լուրջ աշխատանք է տարվում, շատ է այդ աշխատանքների մասին հայտարարվել: Բայց պետք է հաշվի առնել, որ մենք գործ ունենք մարդկանց հետ, և որևէ արտահայտություն կամ նախադեպ ոչ ճիշտ մեկնաբանելը հնարավոր է, որ ճակատագրեր խեղի»,-ասաց Բալայանը:
Նա նշեց՝ սխալ է ասել, թե բանակում 13 զոհ է եղել, քանի որ տվյալների համաձայն՝ մի քանիսը մահեր են, ոչ թե զոհեր և պետք է հստակ տարանջատել:
Նա շեշտեց՝ կանոնակարգային հարաբերություններին պետք է ավելի խիստ հետևել, պետք է հետևել այն իրավակարգավորումներին, որոնք գործում են: Բալայանը նկատեց՝ սխալ կլինի ասել, թե այդ իրավակարգավորումները չկան, խնդիրը իրավակիրառությունն ապահովելու մեջ է:
Անդրադառնալով սահմանին իրավիճակին, նա նշեց, որ այն համեմատաբար հանգիստ է։
«Կրակոցներ միշտ լինում են, դրանք համարժեք պատասխան են ստանում։ Կրակակետը լռեցվում է», — ասաց նա։
Փոխնախարարը նկատեց, որ իրավապաշտպանները չպետք է հրահրեն զոհված զինծառայողների հարազատներին։
«Չգիտեմ, թե ինչպես են ծնողների հեռախոսահամարները գտնում, ասում, որ իրենց կողքին են։ Փորձում են ընդհուպ ֆինանսական միջոցներից խոսել։ Ես չգիտեմ՝ ով կամ ինչի համար է այդ մարդկանց ֆինանսավորում, ենթադրում եմ, որ ամեն դեպքով զբաղվելու համար փող են ստանում», — նշեց Բալայանը՝ հավելելով, որ իրավապահ մարմինները զբաղվում են մանրամասների բացահայտմամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







