ՀՀ ԱԱԾ քննչական հայտնում է, որ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված վարույթներից մեկով կազմվել է եզրափակիչ դատավարական ակտ և կալանքի տակ գտնվող անձի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատարան։
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացին հավաքագրված լինելով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների կողմից՝ վերջիններին փոխանցել է ծառայության բերումով իրեն հայտնի դարձած ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի տեղեկություններ, որից հետո պարտավորագիր է գրել հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ համագործակցության վերաբերյալ, ստացել համապատասխան ծածկանուն և յուրաքանչյուր ամսվա համագործակցության դիմաց 500 ԱՄՆ դոլար վարձատրության խոստում:
Դրանից հետո, հիշյալ անձը 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի կազմով ընդգրկված լինելով պաշտպանության տարբեր տեղամասերում մարտական գործողությունների իրականացմանը, հակառակորդի կողմն անցնելով և նպատակ ունենալով գործել ի վնաս ՀՀ անվտանգության և տարածքային անձեռնմխելիության, ունենալով հրթիռավորի մասնագիտությամբ բարձրագույն զինվորական կրթություն, տիրապետելով ռեակտիվ համակարգից մարտական արձակումների հմտություններին և ղեկավարելով զորամասի հաշվեկշռում գտնվող ռեակտիվ համակարգերից մեկը, ՀՀ ՊՆ համար N զորամասի համապատասխան ծառայության կողմից տրված և վերստուգված ճշգրիտ կոորդինատների առկայության պայմաններում իր ղեկավարած մարտական ռեակտիվ համակարգից դիտավորությամբ կատարել է ոչ նպատակային կրակային արձակումներ և չի խոցել հակառակորդի կրակային նշանակետերը, ինչի արդյունքում հնարավոր չի եղել կատարել հաշվարկի առջև դրված մարտական առաջադրանքը։
Արդյունքում, քրեական հետապնդման ենթակա անձը հավաքել և քողարկված ինտերնետային կապի միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին տեղեկություններ է տրամադրել հայրենիքի կողմից ձեռքբերված ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, պատերազմի ընթացքում ունեցած զինտեխնիկայի կորստի վերաբերյալ՝ տրամադրելով նաև իր ծառայության զորամասի դիվիզիոնի զինծառայողների՝ անձնակազմի քանակի, զբաղեցրած հաստիքների, ամրակցված զենք-զինամթերքի վերաբերյալ տեղեկություններ պարունակող հաստիքացուցակը, զինծառայության անցնելու պայմանների վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթերը:
Բացի այդ, հիշյալ անձը խոստացել է հավաքել ու 4.000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններին հանձնել պետական գաղտնիք հանդիսացող ՀՀ ՊՆ համար N զորամասի գաղտնի դրոշմագրով մարտական պատրաստվածության պլանը, քարտեզները և մարտական կարգադրությունները, սակայն չի կարողացել հանցավոր գործունեությունն ավարտին հասցնել, քանի որ բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից:
Քրեական վարույթի ընթացքում ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել նաև առ այն, որ նույն անձը պատերազմի ընթացքում վարելով ՀՀ ՊՆ համար N զորամասին ամրակցված, ռազմական տեխնիկա հանդիսացող ռեակտիվ համակարգի ավտոմեքենան, նպատակ ունենալով դիտավորությամբ վնասել այն և նույն զորամասի մեկ այլ ռազմական տեխնիկա հանդիսացող տրանսպորտալիցքավորման ավտոմեքենան ու դրա վրա տեղադրված ռազմամթերք հանդիսացող ռեակտիվ արկերը, տեսնելով իր վարած տրասնպորտային միջոցի հետնամասում կայանված հիշյալ ավտոմեքենան, կտրուկ հետընթաց է կատարել և հետնամասով բախվել է հիշյալ ավտոմեքենային՝ վնասելով այն և դրա վրա բեռնված ռեակտիվ արկերը, որի արդյունքում հիշյալ ռազմական տեխնիկան 44-օրյա պատերազմի ընթացքում տևական ժամանակ չի օգտագործվել մարտական խնդիրների լուծման նպատակով։
Այսպիսով, գործով որպես մեղադրյալ ներգրավված անձը հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաև կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հատուկ կարգավիճակի զորամասերի կողմից իրենց առջև դրված մարտական խնդիրների բնույթը, նրանց կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալները և արդյունքում խոչընդոտել զինված ուժերի ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել պետական դավաճանություն:
Միայն 2022 թվականի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր թվով 8 քրեական վարույթներ 15 անձանց վերաբերյալ։ Հարուցված այլ վարույթներով նախաքննությունը շարունակվում է և նկատի ունենալով դրանց նկատմամբ հանրային լայն շրջանակների հետաքրքրությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի դրանց ընթացքի և արդյունքների մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







