ՌԴ Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
ՊՆ-ից հայտնում են, որ զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։
Ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և զինծառայողներին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովն ընդգծել է նմանօրինակ համատեղ լայնածավալ զորավարժությունների անցկացման կարևորությունը առկա մարտահրավերների դեմ պայքարում։ Հաջողություն մաղթելով ստուգատեսի բոլոր մասնակիցներին՝ հայկական զորախմբի հրամանատար, գնդապետ Սասուն Բադասյանն էլ վստահություն է հայտնել, որ զորավարժությունն անցնելու է բարձր մակարդակով և մասնակից երկրների զինված ուժերի ստորաբաժանումները համատեղ ջանքերով հասնելու են առաջադրված խնդիրների ներդաշնակ կատարմանը։
Ընդհանուր առմամբ «Արևելք-2022» զորավարժությանը ներգրավված է շուրջ 50000 զինվորական, 5000 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 140 միավոր ավիացիա և 60 ռազմանավ։ Զորավարժությունները շարունակվելու են մինչև սեպտեմբերի 7-ը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







