Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ուղերձ է հղել, որում կոչ է արել ռազմական դրության պայմաններում թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաև թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը:
«Ուստի, հարգելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի անունից կոչ եմ անում ցուցաբերել քաղաքացիական ինքնագիտակցության և հայրեսիրական նվիրումի բարձր մակարդակ և, առավել ևս այս օրերին, երբ պետական կառավարման համակարգն աշխատում է ռազմական դրության պայմաններում, թույլ չտալ հարկային իրավախախտումներ, հայտարարագրել իրացման իրական շրջանառությունները, ինչպես նաև թույլ չտալ այլոց կողմից հարկային իրավախախտումներ իրականացնելը: Հարկային կարգապահության օրինակելի վարքագծով յուրաքանչյուրդ կարող եք աջակցել մեր փառահեղ հաղթանակին»,-ասվում է ՊԵԿ նախագահի ուղերձում։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հրետակոծվում են Արցախի խաղաղ բնակավայրերը և հորդորել բնակչությանը պատսպարվել: Ինչպես նաև հայտնել էր, որ հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում, հակառակորդը կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ:
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







