ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ընտանիքին. տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը հետաքրքրվել է ընտանիքի սոցիալ-տնտեսական, առողջական վիճակով և հավաստիացրել, որ Պաշտպանության նախարարության իրավասությունների շրջանակում կարվի հնարավոր ամեն ինչ խնդիրներին լուծում տալու համար:
ՊՆ ԶԱՍՊ և ՎՀ ԳՎ վարչության պետը սպայի ընտանիքի անդամներին տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Գուրգեն Ալավերդյանի` Ադրբեջանի Հանրապետության տարածքում հայտնվելու հանգամանքները պարզելու, ինչպես նաև նրա կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել և ադրբեջանական կողմում էր հայտնվել օգոստոսի 22-ին՝ հայ-ադրբեջանական սահմանին, մարտական հենակետի ստուգումների ժամանակ` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







