ՀՀ զինված ուժերը մշտական մարտական պատրաստության և մարտական խնդիրների մեջ գտնվող զորամասերով, ստորաբաժանումներով իրենց խնդիրը փայլուն կատարել են․ արդյունքները պարզ երևում են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հրավիրված ճեպազրույցում ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Կոնֆլիկտի բնույթը, ծավալները այնպիսին չեն, որ ՀՀ-ն դիմի այլ քայլերի՝ այդ թվում պահեստազորայինների և կամավորական ջոկատների օգնությանը։ Մենք վստահ ենք, որ մեր կամավորները պատրաստ են, տեսել ենք բազմիցս, շնորհակալ ենք իրենց, բայց այս պահին իրենց զավակները իրենց խնդիրը փայլուն կատարում են»,- ասաց Հովհաննիսյանը։
Խոսելով հակառակորդի կիրառած զինատեսակների մասին՝ ՊՆ պատասխանատուն ասաց, որ ադրբեջանական ԶՈՒ-ն ու սահմանապահ ծառայությունը 3-րդ բանակային կորպուսի զինանոցում եղած գրեթե բոլոր զինատեսակները կիրառել են, բացառությամբ մի քանի միջոցների՝ մասնավորապես բոլոր տրամաչափի ու բոլոր ռանգերի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռանականետեր, 122 և չի բացառվում ավելի մեծ տրամաչափերի տանկեր, ԱԹՍ-ներ և այլն։
Հովհաննիսյանը նշեց, որ հայկական ՀՕՊ միջոցները կխոցել են մոտ 10 ադրբեջանական ԱԹՍ-ներ։
«Կարող ենք փաստել, որ եթե հետախուզական ԱԹՍ-ների էջը հայ ինժեներների կողմից լավագույնս կատարվել ու յուրացված է, ապա մարտական ԱԹՍ-ների էջն արդեն յուրացնում ենք»,- ասաց Հովհաննիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







