«Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվում են։ Հայկական զինված ուժերը կորուստներ և վիրավորներ չունեն։ Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվում և չեզոքացվում են»: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Ֆեյսբուքյան մեկ այլ գրառմամբ ՊՆ խոսնակը նաև հաղորդել է, որ հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ «Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները»։
«Հակառակորդը միայն մարդկային կորուստներ չի կրել։ Թանկարժեք թռչնակ էլ կորցրեցին՝ ԱԹՍ»։
Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ հակառակորդը հաստատված տեղեկություններով ունի 3, իսկ ավելի հավանական է՝ ավելի շատ զոհեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները անհասկանալի պատճառով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանցի զինծառայողները, թողնելով մեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին ադրբեջանցի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով՝ հետ շպրտվել:
Ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորադրություն է տարածել, որտեղ նշված է, որ Թովուզի ուղղությամբ ադրբեջանական բանակը «հայկական կողմի կրակից» երկու կորուստ և հինգ վիրավոր ունի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







