Հայաստանի իշխանությունները նախատեսում են ցուցադրել վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունը, Կապան կատարած այցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ ավելի վաղ առաջարկել էր ձեռք բերված զենքը ցուցադրել քաղաքացիների այն խմբերին, որոնք այդ ցանկությունը կունենան։ Վարչապետի խոսքով՝ մի քանի խմբի ցույց են տվել զենքերը, սակայն ցանկացողների թիվը շատ մեծ է:
«Եկանք այն եզրակացության, որ բոլորին պետք է հրապարակային ցույց տալ»,- ասել է նա։
Փաշինյանը հստակեցրել է, որ սպառազինության ցուցադրությունը, հավանաբար, տեղի կունենա մայիսին։ Նրա խոսքով ՝ ցուցադրվելու են բացառապես գործող իշխանությունների օրոք ձեռք բերված սպառազինությունները՝ հիմնականում 2022 թվականից հետո։ Փաշինյանը հույս է հայտնել, որ «հարևան երկրներն այն չեն դիտարկի որպես ագրեսիայի ցուցադրություն»։
Փաշինյանը 2025-ի հոկտեմբերին հայտարարել էր 2026-ին պաշտպանական բյուջեն մոտ 18%-ով կրճատելու մասին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարին հայտնել էր, որ 2026 թվականին Երևանը նախատեսում է տեղական ռազմաարդյունաբերական ոլորտում կատարել մոտ 150 մլրդ դրամի պատվեր։






































