2026 թվականին Հայաստանի պետբյուջեի եկամտային մասը նախատեսվում է ավելացնել 253,4 մլրդ դրամով կամ 8,9%-ով, «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումներում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուղիղ հեռարձակումը՝ Armenia Today-ի Youtube-ի ալիքում։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է պետական բյուջեի ձևավորման կարգի առանցքային փոփոխությունների մասին: Նրա խոսքով՝ միջնաժամկետ ծախսային շրջանակն այժմ հաստատվում է հինգ տարով՝ նախկին երեքի փոխարեն։ Նախարարը նաև նշել է, որ միջնաժամկետ ծախսային շրջանակում այլևս չեն ներկայացնելու ծախսային առանձին ուղղությունները․ դրանք ներկայացվելու են ըստ գերատեսչությունների, ինչը, նախարարի խոսքով, թույլ կտա ավելի հստակ բաշխել միջոցները կառույցների միջև։
Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2026 թվականի ՀՀ բյուջեում կապիտալ ծախսերը կկազմեն 704 մլրդ դրամ։ Նա նշել է, որ պաշտպանության ոլորտին կուղղվի կապիտալ ծախսերի 43%-ը
Կառավարության հավանությանն արժանացած բյուջեի նախագծի համաձայն՝ 2026 թվականին պաշտպանական բյուջեն կկրճատվի մոտ 18%-ով և կկազմի 563 մլրդ դրամ (մոտ 1,5 մլրդ դոլար), մինչդեռ 2025 թվականին ռազմական ծախսերի համար նախատեսված էր 664,6 մլրդ դրամ (ավելի քան 1,7 մլրդ դոլար)։
2026 թվականին Հայաստանի կապիտալ ծախսերը կնվազեն հիմնականում պաշտպանության նախարարության հաշվին, որտեղ, նախարարի փոխանցմամբ, նախատեսված է 101 մլրդ դրամի կրճատում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը կնվազեն 10 մլրդ դրամով։
Ֆինանսների նախարարի խոսքով՝ կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը կկազմի ՀՆԱ-ի 5,9%-ը, ինչը պակաս է 2025 թվականի ցուցանիշից։ Նվազումը կապված է հենց պաշտպանական ներդրումների մասնաբաժնի նվազման հետ։ Հաջորդ տարվա բյուջեի ընդհանուր ծախսերը նախատեսված են 3 տրիլիոն 628 մլրդ դրամ:
Ընդ որում, նախարարը ընդգծել է, որ 2026-ին տնտեսական և սոցիալական ոլորտներին ուղղվող կապիտալ ծախսերը 22%-ով կգերազանցեն 2025 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերին։ Սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն մոտ 993 մլրդ դրամ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սակայն, հայտարարել էր, որ երկիրը «մեծացնում է ռազմական հզորությունը»։ Ադրբեջանի իշխանությունները բյուջեի 21%-ը կուղղեն պաշտպանությանը և ազգային անվտանգությանը։ 2026 թվականի բյուջեի նախագծում երկրի կառավարությունը ռազմական ծախսեր է նախատեսել 5,12 մլրդ դոլարի մակարդակում։



































