ՀՀ ՊՆ-ն կեղծ, իրականությանը չհամապատասխանող է անվանել այն տեղեկությունները, որ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանը ՀՀ տարածքում նոր դիրք է տեղակայել։
Ըստ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի՝ Google Earth տիեզերական լուսանկարների կապակցումն իրականության հետ ունի շեղումներ և այնտեղ նշված սահմանագիծն իրավական հիմք չունի։ Նա նշել է, որ ՀՀ ՊՆ ԳՇ-ն առաջնորդվում է 1975 թվականի ԽՍՀՄ տեղագրական քարտեզներով։
«Այն ունի իրավական ուժ և հաստատվել է Պետական գեոդեզիական վերահսկողության Անդրկովկասի տարածքային տեսչության պետի կողմից»,- ասել է Թորոսյանը։
Ըստ նրա՝ ԽՍՀՄ քարտեզով Ադրբեջանի դիրքը չի հատել ՀՀ պետական սահմանը և գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Նա հավելել է, որ նշված դիրքի հեռավորությունը Սոթք հանքավայրից շուրջ 4 կմ է, իսկ դեպի Կութ բնակավայր՝ 6,8 կմ և վերջինս ուղիղ նշանառության տակ չէ։
«Միասնության թևեր» նախաձեռնության վարչապետի թեկնածու, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մարտի 4-ին ասուլիսում հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել: Նա նշել էր, որ ադրբեջանական կողմը Վարդենիսում տեղակայել է մարտական հերթապահություն իրականացնող դիրքեր, ինչպես նաև հենակետեր հրաձգային, ականանետային և այլ խոշոր տրամաչափի զինատեսակների համար:
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալով, կտրականապես հերքել էր Թաթոյանի պնդումները՝ դրանք որակելով սուտ։
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները մարտի 10-ին բողոքի ակցիա էին անցկացրել ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ և գերատեսչությանը փոխանցել փաստաթղթեր ու արբանյակային լուսանկարներ, որոնք, ըստ նրանց, վկայում են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոր առաջխաղացում և դիրքերի կառուցում։






































