Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ն, հաղթանակով է մեկնարկել Սինքֆիլդի գավաթի խաղարկությունում՝ դառնալով առաջատար, հայտնում է Chess.com-ը։
Արոնյանը սևերով հաղթել է ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատորովին:
Հարցին, թե մտածո՞ւմ է մրցաշարային միավորների մասին՝ Սան Պաուլոյում կայանալիք տուրի եզրափակչին ընդառաջ, Արոնյանը պատասխանել է, որ «եթե ակնկալիքներ չլինեն, հիասթափություններ էլ չեն լինի»։
«Եկել եմ այստեղ կռվելու։ Ինձ դուր է գալիս խաղալ այսպիսի ուժեղ մրցաշարերում, և դա ինչ-որ բան սովորելու հնարավորություն է»,- հավելել է նա:
Գավաթն անցկացվում է օգոստոսի 16-29-ը՝ ամերիկյան Սենթ Լուիսում: Բացի մրցաշարային միավորներից, շախմատիստները պայքարում են մրցանակային ֆոնդի համար․ հաղթողը կստանա 100 000 դոլար։ Մրցաշարի գործող չեմպիոնը ֆրանսիացի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուզջան է։
Օգոստոսի 16-ին Արոնյանը Սենթ Լուիսում կայացած Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող էր դարձել։






































