Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի թեմական եկեղեցիներում ու վանքերում հունիսի 29-ին ընդհանրական աղոթք է կատարվել առ Աստված հայրենի երկրի խաղաղության, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների համար, հայտնել են Մայր Աթոռից։
«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի թեմական եկեղեցիներում ու վանքերում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի հորդոր ուղղվեց հավատացյալներին «Տէր ողորմեա»-ի երգեցողության ընթացքին իրենց անհատական աղոթը բարձրացնել առ Աստված հայրենի երկրի խաղաղության, ապօրինաբար բոլոր ազատազրկվածների՝ մասնավորաբար Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի համար», – ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին այն բանից հետո, երբ նա քննադատել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի և հոգևորականների դեմ Հայաստանի իշխանությունների արշավը:
Հունիսի 25-ին իշխանության զավթման փորձի շուրջ քրեական գործի շրջանակում 2 ամսով կալանավորել էր մեկ տասնյակից ավելի մարդ, այդ թվում՝ «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Գալստանյանը։
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ նրանք սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։ Աջապահյանը համաձայնել էր ներկայանալ իրավապահ մարմիններ և ապացուցել իր նկատմամբ հարուցված գործի անօրինականությունը։ ՔԿ-ում քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանն արքեպիսկոպոսի գրավոր հայտարարությունն էր հրապարակել, որով խնդրել էր իրեն վարչապետի թեկնածու չդիտարկել։ Զոհրաբյանը նաև հայտնել էր, որ արքեպիսկոպոսը բերման է ենթարկվել իշխանության զավթման գործով։ Հունիսի 28-ին Աջապահյանը 2 ամսով կալանավորվել էր