«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը հետ է վերցրել իրենց վստահորդի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը։ Ֆերոյանը պարզաբանել է, որ Կարապետյանի հետ այդ որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով, որ բողոքի քննությունը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին, որի մոտ, պաշտպանի խոսքով, «արդարադատության ընկալումը բացակայում է»։
«Գործարարին կալանավորելու որոշումը հունիսի 19-ին իմ կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան: Այնուհետև, աննախադեպ արագությամբ, իմ ենթադրությամբ ապօրինի միջամտությունների արդյունքում նշված գործի նյութերը փոխանցվում են Վերաքննիչ քրեական դատարան և մակագրվում Դանիելյանին: Հաշվի առնելով, որ այդ դատավորը տասնյակ տարիներ նաև ամենից ցածր վարկանիշ ունեցող, ամենից հաճախ բացարկի ենթարկված դատավորն է, ուստի որոշել ենք օրենքով սահմանված կարգով հետ վերցնել բողոքը»,- մանրամասնել է պաշտպանը։
Ֆերոյանը հավելել է, որ կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը հետ վերցնելու դիմումն արդեն մուտքագրվել է Վերաքննիչ քրեական դատարան և ենթակա է անհապաղ քննարկման։
Պաշտպանը նաև տեղեկացրել է, որ փաստաբանական խումբը գրեթե ավարտում է Կարապետյանի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան անհապաղ գանգատ ներկայացնելու նախապատրաստական գործողությունները։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։ Փաշինյանը խիստ էր արձագանքել Կարապետյանի հայտարարությանը:
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Խուզարկության մեկնարկից մոտ ութ ժամ անց՝ գիշերը ժամը երեքին, Կարապետյանը ոստիկանների ուղեկցությամբ դուրս էր եկել իր առանձնատնից և տեղափոխվել ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչություն, այնուհետև՝ Քննչական կոմիտե:
Ավելի ուշ ՔԿ-ն Armenia Today-ին հայտնել էր իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով Կարապետյանին կալանավորելու միջնորդության մասին։ Ինքը՝ գործարարը, չի ընդունում մեղադրանքը և մտադիր է բողոքարկել այն բոլոր ատյաններում։ Կարապետյանի մամուլի ծառայությունն այս մեղադրանքներն անվանել էր ակնհայտ վախեցնելու և բռնաճշման փորձ։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր Կարապետյանին:
Կարդացեք նաև՝