Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ուշուի աշխարհի գավաթի խաղարկություններում: Չինաստանում կայացած աշխարհի գավաթի 11-րդ խաղարկությունում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Բաղրյանը դարձել է արծաթե մեդալակիր, հայտնում է Հայաստանի ուշուի ֆեդերացիան։
Հայ մարզիկը մրցավայր էր մեկնել անձնական մարզիչ Վարդգես Մանասյանի գլխավորությամբ։ Հայ ուշուիստը 2025 թվականին միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել էր տարվա լավագույն մարզիկ:
IWUF սանդա աշխարհի 11-րդ գավաթի խաղարկությունը տեղի է ունեցել Չինաստանի Մակաո քաղաքում մայիսի 11-15-ը։ Մրցաշարը համարվում է ֆեդերացիայի 6 հիմնական միջազգային մրցումներից մեկը և անցկացվում է երկու տարին մեկ ամգամ։ Այս տարվա մրցաշարին մասնակցել է 21 երկրի շուրջ 60 մարզիկ, որոնք մրցել են տղամարդկանց 11 և կանանց 6 քաշային կարգերում։
Հիշեցնենք, որ ուշուի Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները 27 մեդալ էին նվաճել Եվրոպայի առաջնությունում։






































