Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական առողջական խնդիրների պատճառով դադարեցրել է իր մասնակցությունը Australian Open մրցաշարին՝ նախորդ հանդիպումներից հետո ունեցած խնդիրների հետևանքով, հաղորդվում է մրցաշարի պաշտոնական կայքում։
Երրորդ շրջանում մարզուհին պետք է մրցեր ավստրալացի թենիսիստուհի Մեդիսոն Ինգլիսի հետ։
Առաջին շրջանում Օսական հաղթանակ էր տարել խորվաթ Անտոնիա Ռուժիչի նկատմամբ, իսկ երկրորդում՝ ռումինացի Սորանա Կըրստեայի դեմ։
Ճապոնացի թենիսիստուհին աշխարհի նախկին առաջին ռակետն է։ Նա Australian Open-ի հաղթող է դարձել 2019 և 2021 թվականներին։
Օսական հայտնել է, որ ունի ձախ որովայնային հատվածի վնասվածք, որը նրա մոտ արդեն մի քանի անգամ առաջացել էր նախկինում։ Նրա խոսքով՝ սկզբում կարծել է, որ կկարողանա շարունակել մրցելույթները՝ չնայած ցավին։ Նախորդ հանդիպումը նա անցկացրել է արդեն ցավ զգալով և մտածել է, որ եթե դադար վերցնի մինչև հաջորդ խաղը, կկարողանա վերահսկել իրավիճակը․ սակայն մարզվելու ժամանակ ցավը զգալիորեն ուժեղացել է։
Օսական նշել է, որ անհրաժեշտ է անցնել լրացուցիչ բժշկական հետազոտություններ՝ հասկանալու համար՝ արդյոք վնասվածքը կարո՞ղ է երկարաժամկետ խնդիր դառնալ։ Նա նաև ընդգծել է, որ հղիությունից հետո իր մարմինն զգալիորեն փոխվել է, և այժմ պետք է շատ ավելի զգուշավոր մոտենալ առողջական հարցերին։ Այդ պատճառով նա նախատեսում է խորհրդակցել բժիշկների հետ՝ հետագա քայլերը որոշելու համար։






































