Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է ԱԳՄԱՆ-ի մամուլի ծառայությունը։
Թեհրանում կայացած հանդիպմանը հատուկ ուշադրություն է հատկացվել ապաշրջափակման ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկայի ոլորտում փոխշահավետ համագործակցության ծրագրերին:
Միրզոյանը ներկայացրել է TRIPP նախագծի իրականացման ընթացքը: Քննարկվել են Երևանում կայանալիք COP17 համաժողովին ԻԻՀ բարձր մակարդակով մասնակցության հարցեր:
Միրզոյանի հետ հանդիպմանն Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Կովկասը չպետք է վերածվի օտարերկրյա տերությունների միջև աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի, փոխանցում է Mehr-ը։
Շեշտելով, որ կովկասյան տարածաշրջանն այժմ առավել քան երբևէ կայունության կարիք ունի՝ նա հավելել է, որ փորձը ցույց է տվել, թե տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անվտանգության խաթարման։
Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ընդգծել է, որ իր երկիրը թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ ուղղված թշնամական որևէ գործողության համար։
«Իրանի կողմից տարածաշրջանային սահմանների անխախտելիության սկզբունքի կարևորումը մեծ նշանակություն ունի մեզ համար»,- հավելել է նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







