Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը որոշել է պաշտոնից ազատել քաղաքապետարանի մի շարք առանցքային վարչությունների ղեկավարների, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Armenia Today-ը հարցում է ուղարկել քաղաքապետարան՝ ճշտելու լուրի իսկությունը։
Թերթի տվյալներով՝ Ավինյանն արդեն սկսել է իրագործել կադրային որոշումները՝ նոյեմբերի 27-ին պաշտոնից ազատելով երկու վարչական շրջանների ղեկավարների։
Պարբերականը չի հստակեցրել կադրային փոփոխությունների պատճառները, սակայն ավելի վաղ հրապարակված նյութում հայտնել էր, որ ազատվածները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը և Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանն են:
Պարբերականի տվյալներով՝ Ավինյանը որոշել է պաշտոնից ազատել նաև քաղաքապետարանի մի շարք առանցքային վարչությունների ղեկավարների։
Մամուլը նոյեմբերի 20-ին հայտնել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում Ավինյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած ենթադրյալ վեճի մասին։ Թերթի տվյալներով՝ Ավինյանը դժգոհել էր կուսակիցների կողմից իր աշխատանքը քննադատող տեսանյութերի տարածումից։
Ավինյանը նոյեմբերի 16-ին արձագանքել էր մայրաքաղաքի խցանումների վերաբերյալ քննադատություններին՝ հայտարարելով, որ քննադատողները չեն պատկերացնում խնդրի համակարգային բնույթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







