Մասիսի նախկին համայնքապետ, համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի գործով հրատապ հաղորդում է ներկայացվել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԺՀՄԻԳ), հայտնել է փաստաբան Գայանե Պապոյանը։
Նրա խոսքով՝ հաղորդման նպատակն է կառույցի ուշադրությունը հրավիրել արդար դատաքննության և ընտրական գործընթացներին ազատ մասնակցելու իրավունքների հնարավոր խախտումների վրա։
Փաստաբանը ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորներին կոչ է արել հավատարիմ մնալ իրենց երդմանը, չտրվել քաղաքական կամ այլ բնույթի ճնշումների և առաջնորդվել բացառապես օրենքով ու սեփական խղճով։
Պապոյանը նաև հայտնել է, որ իրավունքի խախտմամբ դատական ակտ կայացվելու դեպքում այն կբողոքարկեն նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։
Նոյեմբերի 26-ին Պապոյանը մտահոգություն էր հայտնել, որ Վճռաբեկ դատարանի՝ նոյեմբերի 27-ին հրապարակվելիք որոշումը կարող է խոչընդոտել Համբարձումյանի մասնակցությունը դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին։
Համբարձումյանն անցնում է 2019 թվականին նախաձեռնված քրեական գործով՝ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ ցուցարարների դեմ զենք օգտագործելու մեղադրանքով։ Նախկինում դատարանը նրան դատապարտել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







