Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման նպատակով ստեղծվող «ԹՐԻՓՓԻ զարգացման ընկերություն» ՓԲԸ-ի բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին։ Կառավարության նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորել են Հայաստանի կառավարության անունից ստորագրել փաստաթուղթը։
Բաժնետիրական համաձայնագրի կողմերն են Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան TDC US Inc. ընկերությունը։ Որոշման հիմնավորմանբ՝ ընկերությունը գրանցված է ԱՄՆ Դելավեր նահանգում և ամբողջությամբ պատկանում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (U.S. International Development Finance Corporation, DFC)՝ լինելով դրա դուստր ձեռնարկությունը։
Բաժնետիրական համաձայնագրով կսահմանվեն համատեղ ընկերության բաժնետերերի իրավասություններն ու փոխհարաբերությունները, բաժնետոմսերով հավաստվող իրավունքների, ինչպես նաև բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունները։
Համատեղ ընկերության ստեղծումը նախատեսված է TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրով։ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընկերության հիմնադրման նպատակով հայկական և ամերիկյան կողմերը պետք է ստորագրեն երկու առանձին փաստաթուղթ՝ ընկերության կանոնադրությունը և բաժնետիրական համաձայնագիրը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գնահատմամբ՝ որոշման ընդունումը չի հանգեցնի Հայաստանի պետական բյուջեի և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտների ու ծախսերի էական փոփոխությունների։
Որոշման հիմնավորման մեջ չեն բացահայտվում բաժնետիրական համաձայնագրի պայմանները, կողմերի ֆինանսական պարտավորությունները, ներդրումների ծավալները և համատեղ ընկերության կորպորատիվ կառավարման մեխանիզմները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտնել է, որ բաժնետիրական համաձայնագիրը կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո TRIPP-ի զարգացման ընկերությունը կգրանցվի Հայաստանում և կկարողանա սկսել աշխատանքները։
Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 23-ից արդեն մեկնարկել են նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, երկաթուղային հատվածում իրականացվում են տարածքի մաքրման և շինհրապարակի նախապատրաստման աշխատանքներ։ Նրա խոսքով՝ զուգահեռ ընթանում են ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները։
Փաշինյանը պարզաբանել է, որ այս աշխատանքներն իրականացնում է Հայաստանի կառավարությունը, իսկ ընկերության ձևավորումից հետո դրանք կփոխանցվեն վերջինիս՝ ժամանակի կորուստը նվազագույնի հասցնելու համար։
«Թե՛ տնտեսական մասշտաբայնության առումով, թե՛ զուտ ֆինանսական առումով, թերևս մեր անկախությունից ի վեր ամենամեծ տնտեսական նախագիծն է սա, որը մենք պետք է իրականացնենք»,- ասել է վարչապետը։
Նա ընդգծել է, որ նախագիծը թևակոխում է իրականացման գործնական փուլ՝ վերահաստատելով բոլոր գործընթացները թափանցիկ իրականացնելու կառավարության հանձնառությունը։
Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է նաև TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի մտահոգություններին՝ հայտարարելով, որ Հայաստանը հարգում է Թեհրանի կարմիր գծերը։
«Մենք Իրանի Իսլամական Հանրապետության կարմիր գծերը հարգում ենք, և TRIPP նախագիծն էլ որևէ ձևով այդ կարմիր գծերը չի հատել և չի հատելու»,- ասել է վարչապետը։
Նրա խոսքով՝ Հայաստանը մշտական երկխոսության մեջ է իրանցի գործընկերների հետ, իսկ նախագծի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն ամրագրված է հրապարակային փաստաթղթերում։
TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում, իսկ հունիսի 4-ին՝ Երևանում։ Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին ընդունել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել նոյեմբերի 11-ին։
Նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով տրանսպորտային կապ ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է զարգացնել երկաթուղային և ավտոճանապարհային ենթակառուցվածքներ, նավթագազային խողովակաշարեր, օպտիկամանրաթելային ցանցեր և էներգետիկ ենթակառուցվածքներ։
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսին հավանություն է տվել TRIPP Development Company համատեղ ձեռնարկության ստեղծմանը։ Նախագիծը ներառված է 2,5 մլրդ դոլար ընդհանուր արժեքով ռազմավարական ներդրումների փաթեթում, հայտնել են կորպորացիայում։
Համատեղ ընկերությում ամերիկյան կողմը կունենա 74% վերահսկիչ բաժնեմաս, իսկ Հայաստանը՝ 26%։ Ընկերությանը 49 տարով կտրամադրվեն նախագծի իրականացման տարածքներում հողօգտագործման և ենթակառուցվածքների զարգացման բացառիկ իրավունքներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






