Ադրբեջանական իշխանությունները ոչնչացրել են Արցախի Շոշ գյուղում Հայրենական մեծ պատերազմի զոհերի և Արցախյան առաջին պատերազմի մասնակից Արգամ Հարությունյանի (Շոշի Ագո) հուշակոթողները, հայտնում է Artsakh Monuments-ը։
Նախագծի տվյալներով՝ արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տվել, որ հուշակոթողները ոչնչացվել են 2024 թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում։
Artsakh Monuments-ը տեղի ունեցածը գնահատել է որպես դիտավորյալ ոչնչացում։
Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերից հողին էր հավասարեցրել Արցախի չորս գյուղ ու ոչնչացրել մի քանի տասնյակ մշակութային հուշարձան, որոնց թվում են ավելի քան 10 եկեղեցի, մոտ 50 հուշահամալիր, քանդակներ ու խաչքարեր։ Նրանք ոչնչացրել էին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, ինչպես նաև Հադրութի շրջանի Մոխրենես, Մարիամաձոր և Ցամաքձոր գյուղերը։
Հուլիսին Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) իրավապաշտպան կազմակերպությունը կոչ էր արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին փաստահավաք առաքելություն իրականացնել Արցախում՝ քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







