Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Համագործակցության երկրների հետ Թեհրանի համագործակցությունը զարգացնելու համար, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և տրանսպորտի ոլորտներում, հաղորդում է իրանական Nournews գործակալությունը։
Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Փեզեշքիանը հայտարարել է, որ նոր ձևաչափը պետք է դառնա երկխոսության և գործնական փոխգործակցության ճկուն մեխանիզմ։ Իրանի նախագահը գագաթնաժողովին մասնակցում է որպես հատուկ հյուր․ Իրանի նախագահն առաջին անգամ է հրավիրվել ԱՊՀ գագաթնաժողովի ընդլայնված ձևաչափին։
Նրա խոսքով՝ «ԱՊՀ+1» ձևաչափով համագործակցությունը կարող է ընդգրկել էներգետիկան, առևտուրը, օգտակար հանածոների արդյունահանումը, ներդրումները, տեխնոլոգիաները, ջրային ռեսուրսները, էկոլոգիան, զբոսաշրջությունը, ինչպես նաև գիտական և մշակութային կապերը։
Փեզեշքիանն առաջարկել է նաև զարգացնել տարածաշրջանային էներգետիկ ցանց, որը կմիավորի նավթի, գազի, էլեկտրաէներգիայի և վերականգնվող աղբյուրներից ստացվող էներգիայի արտադրությունը, տեղափոխումն ու փոխանակումը։
«Մեզ համար տարածաշրջանային դիվանագիտությունը պարզապես հանդիպումներ անցկացնել չէ։ Այն պետք է դառնա ճգնաժամերի կառավարման, կապի պահպանման, հակամարտությունների սրումը կանխելու և գործնական համագործակցության խթանման գործիք»,- ասել է Փեզեշքիանը։
Գագաթնաժողովի նախօրեին Իրանի նախագահը հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունները և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Պուտինը հայտարարել էր, որ Իրանը ջանքեր է գործադրում տարածաշրջանային հակամարտությունը դիվանագիտական միջոցներով կարգավորելու համար։
Թուրքմենստանում Փեզեշքիանը հանդիպել էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը համոզմունք էին հայտնել, որ երկու երկրի հարաբերություններն առաջիկայում կբարձրանան նոր մակարդակի։
Հայաստանն ու Իրանը համագործակցությունը զարգացնում են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և ենթակառուցվածքների ոլորտներում։ Փաշինյանն ու Փեզեշքիանը 2025 թվականի օգոստոսին հայտարարել էին երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մտադրության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







