«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Ազգային ժողովում երկու հանդիպում են անցկացրել զոհվածների և անհետ կորածների հարազատների հետ՝ քննարկելով Արցախից աճյունների արտաշիրիմումն ու տեղափոխումը, ԴՆԹ նույնականացման արդյունքների ստուգումը և միջազգային միջնորդների ներգրավումը։
Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն առաջարկել է արտասահմանյան լաբորատորիայում մի քանի նմուշի անկախ հետազոտություն կազմակերպել, իսկ պատգամավոր Արեգա Հովսեփյանը՝ օրենսդրորեն կարգավորել պատերազմի պայմաններում զոհված քաղաքացիական անձանց կարգավիճակի հարցը։
Արտաշիրիմում և աճյունների տեղափոխում
Զոհվածների հարազատների հետ հանդիպման ժամանակ, որի ուղիղ հեռարձակումն իրականացվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքում, հիմնական թեմաներից մեկը 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի հարձակման ժամանակ զոհվածների մարմինների արտաշիրիմումն էր։
Հարազատները շեշտել են, որ խոսքը 51 մարմնի մասին է։ Դրանց մոտ կեսը գտնվում է Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում, մնացածը՝ Արցախի տարբեր շրջաններում։
Հանդիպման մասնակիցները պատմել են, որ 2023–2024 թվականներին խմբեր էին կազմվում Արցախ մեկնելու համար, նախապատրաստական աշխատանքներ էին տարվում արտաշիրիմման նպատակով, սակայն մեկնումները մի քանի անգամ հետաձգվել են, իսկ աշխատանքներն այդպես էլ չեն սկսվել։
Հանդիպումից հետո հարազատները ճեպազրույցով են հանդես եկել։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ Ադրբեջանի՝ 2023 թվականի հարձակման ժամանակ երկու եղբայր կորցրած Բելա Գալստյանը հայտնել է, որ ընտանիքները բազմիցս դիմել են վարչապետին, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն և Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), սակայն չեն ստացել բացատրություն, թե ինչո՞ւ գործընթացը չի իրականացվում։ Նրա խոսքով՝ դիմումները վերահասցեագրվել են ԱԱԾ։
Ավելի ուշ հարազատներին հայտնել են, որ գերիների և անհետ կորածների հարցերով հանձնաժողովն արտաշիրիմելու հարցով զբաղվելու մանդատ չունի։ Թե ո՞ր գերատեսչության իրավասության շրջանակում է այդ հարցը, Գալստյանի խոսքով, իրենց այդպես էլ չեն պարզաբանել։
Առանձին քննարկվել է նաև 2023 թվականին Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհետ կորածների կարգավիճակի հարցը։ Հարազատների խոսքով՝ պայթյունի հետևանքով զոհվել էր 219 մարդ, ևս 22-ը համարվում է անհետ կորած։
Հովսեփյանը հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական նախաձեռնություն մշակել՝ պատերազմի պայմաններում զոհված քաղաքացիական անձանց համար առանձին կարգավիճակ սահմանելու նպատակով։ Նրա գնահատմամբ՝ գործող օրենսդրությունն այս հարցի անհրաժեշտ կարգավորումը չի ապահովում։
«Համահայկական ճակատ» շարժման համակարգող Ռուզաննա Ստեփանյանը, որը հարազատների հետ կառավարության և ԱԺ-ի մոտ ակցիաներ է անցկացրել, պատգամավորներին կոչ է արել միջազգային աջակցություն ներգրավել արտաշիրիմելու և անհետ կորածների որոնման հարցերում, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով։
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ադրբեջանցիների գերեզմանների տեղանքի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պահանջին՝ նա Երևանին առաջարկել է Բաքվից պահանջել տեղեկություններ հայ անհետ կորածների գերեզմանների տեղանքի մասին։
ԴՆԹ կրկնակի հետազոտություններ
Անհետ կորած զինծառայողների հարազատների հետ մյուս հանդիպմանը քննարկվել են որոնման, աճյունների նույնականացման և միջազգային դատական ատյաններում ընտանիքների իրավունքների պաշտպանության հարցերը։
Փաստաբան Տաթևիկ Սողոյանը, որն անհետ կորած փոխգնդապետ, ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի զարմուհին է, առաջարկել է անհետ կորածների ճակատագրերը պարզելու գործընթացում ներգրավել երրորդ կողմի, օրինակ՝ ԿԽՄԿ-ին։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև երկկողմ շփումներն անհրաժեշտ արդյունքը չեն տալիս։
Հարազատները նաև կասկածներ են հայտնել ԴՆԹ նույնականացման արդյունքների հավաստիության վերաբերյալ։
Սողոյանը ենթադրել է, որ սխալներ կարող էին առաջանալ մարտական գործողությունների վայրերից աճյունները հավաքելու ընթացքում։
Հանդիպման այլ մասնակիցներ հայտարարել են, որ ընտանիքները համաձայն չեն 81 անձի նույնականացման արդյունքների հետ։
Կարապետյանն առաջարկել է մի քանի նմուշ ստուգել անկախ միջազգային լաբորատորիայում։ Նրա խոսքով՝ հետազոտության պատվիրատուն կարող է լինել ծնողներից մեկը, իսկ ծախսերը պատրաստ է հոգալ բարեգործական կազմակերպությունը։
Հանդիպման մասնակիցները պատասխանել են, որ փաստաթղթերը դատական կարգով վիճարկելու դեպքում հիմք են համարվում միայն Հայաստանում իրականացված ԴՆԹ հետազոտությունների արդյունքները։
Հարազատները պատգամավորներին խնդրել են դիմել Քննչական կոմիտե և պահանջել այն տվյալները, որոնք հնարավորություն կտան ստուգել փորձաքննությունների արդյունքները։
Միջազգային գանգատներ և միջնորդություն
Սողոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի դեմ Հայաստանի միջպետական գանգատների հնարավոր հետքաշման վերաբերյալ։ Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրված նախագծում համապատասխան դրույթների ի հայտ գալուց հետո ինքը դիմել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչին, սակայն չի ստացել երաշխիք, որ գանգատները չեն հետ քաշվի։
Փաստաբանն ընդգծել է, որ անհետ կորածների ճակատագրերի պարզումն ու նրանց հարազատների իրավունքների պաշտպանությունը չպետք է կախված լինեն քաղաքական պայմանավորվածություններից։ Կարապետյանը հայտնել է, որ խմբակցության ներկայացուցիչները վերջերս Ստրասբուրգում այս հարցերը քննարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ։ Նա առաջարկել է պատգամավորներին փոխանցել առկա նյութերը և խոստացել հաջորդ այցի ընթացքում կրկին բարձրացնել հարցը։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև Շաքիում ընտանիքի վրա հարձակումից հետո կալանավորված ադրբեջանցի զինծառայողի հետագա ճակատագրին։ Անհետ կորածների հարազատներից մեկն առաջարկել է նրա վերադարձի պայման առաջադրել՝ Բաքվից պահանջելով տեղեկություններ անհետ կորած հայերի մասին։
Կարապետյանը պատասխանել է, որ խմբակցությունը հետևողական է լինելու, որպեսզի զինծառայողը Հայաստանում պատասխանատվության ենթարկվի, և շարունակելու է բարձրաձայնել հայ գերիների ու անհետ կորածների հարցերը։
Հանդիպումների արդյունքում պատգամավորներն ու հարազատները պայմանավորվել են շարունակել տեղեկատվության փոխանակումն ու աշխատանքը պետական մարմիններին դիմելու, ԴՆԹ հետազոտությունների արդյունքները ստուգելու և միջազգային կառույցներ ներգրավելու ուղղությամբ։
«Դուք Ազգային ժողովում ունեք ձեր ձայնը։ Մենք ձեր ձայնն ենք»,- հայտարարել է Կարապետյանը։
Քննչական կոմիտեի՝ 2025 թվականի հոկտեմբերին Armenia Today-ին տրամադրած տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, նրանցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։ Armenia Today-ին 2024-ին ՔԿ-ից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած է համարվում 1016 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







