Անհետ կորածների հարազատների ԴՆԹ հետազոտությունների տվյալներն առանց նրանց իմացության փոխանցվել են Ադրբեջանին, Armenia Today-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանն՝ Ազգային ժողովում անհետ կորածների հարազատների հետ հանդիպումից հետո։
Պատգամավորի խոսքով՝ հանդիպման ընթացքում հարազատները դժգոհել են, որ իրենց հարազատների ԴՆԹ տվյալներն ադրբեջանական կողմին են փոխանցվել առանց իրենց տեղեկացնելու։
«Կրկնակի հարց տվեցի՝ ոչ մեկդ տեղյակ չէի՞ք։ Նրանք ասացին՝ ոչ։ Ամբողջը ձայնագրված, տեսագրված է։ Այս առումով անպայման հարցումներ եմ անելու համապատասխան մարմիններին՝ իմանալու, թե ինչո՞ւ են նրանց ԴՆԹ անալիզները փոխանցվել Ադրբեջանին»,- ասել է Հովսեփյանը։
Նա նշել է, որ անհետ կորածների հարազատներն իրավունք ունեն տեղեկանալու իրենց վերաբերող գործընթացների մասին, նույնիսկ եթե դրանց բոլոր մանրամասները չեն հրապարակվում։
«Մենք չենք հայտարարում, որ պետք է յուրաքանչյուր քայլ հատ առ հատ հանրայնացվի, բայց, առնվազն, ծնողներն իրավունք ունեն տեղեկանալու։ Այսօր համոզվեցինք, որ ծնողները տեղյակ չեն»,- ընդգծել է պատգամավորը։
Միաժամանակ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հոկտեմբերի 7-ին հայտնել էին, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևի խոսքով՝ Հայաստանը հունվարին Ադրբեջանին էր փոխանցել անհետ կորած 50 հայի ԴՆԹ տվյալ։ Նա պնդել էր, որ այդ տվյալները չեն համընկել Ադրբեջանի օկուպացրած տարածքներում հայտնաբերված աճյունների ԴՆԹ տվյալների հետ։ Նաղիևը նաև Հայաստանին առաջարկել էր լրացուցիչ ԴՆԹ նմուշներ տրամադրել՝ հայտնաբերված աճյունները նույնականացնելու նպատակով։
Նաղիևի հայտարարությունից հետևում է, որ նա խոսում է Հայաստանի կողմից արդեն փոխանցված 50 անձի ԴՆԹ տվյալի մասին։ Դեռ պարզ չէ՝ արդյոք ադրբեջանական կողմի հիշատակած տվյալները կապ ունե՞ն հարազատների բարձրացրած խնդրի հետ։ ԴՆԹ տվյալների փոխանցման հանգամանքները և հարազատների տեղեկացվածության հարցը դեռևս պաշտոնապես պարզաբանված չեն։ Armenia Today-ը ԴՆԹ տվյալների հնարավոր փոխանցման հանգամանքները պարզելու նպատակով պաշտոնական հարցումներ էր ուղարկել համապատասխան պետական գերատեսչություններին։
Քննչական կոմիտեի՝ 2025 թվականի հոկտեմբերին Armenia Today-ին տրամադրած տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, նրանցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։ Armenia Today-ին 2024-ին ՔԿ-ից հայտնել էին, որ 1992-2023 թվականներին Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած է համարվում 1016 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







