Հայկական դուդուկը հնչել է Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» ֆիլմի համար Լյուդվիգ Յորանսոնի ստեղծած երաժշտության սիմֆոնիկ տարբերակում, որը ներկայացրել է Imperial Orchestra-ն։ Դուդուկի մենանվագը կատարել է բազմագործիքահար, Duduk-Band-ի ղեկավար Վիտալի Պողոսյանը, հայտնել է երաժիշտն Instagram-ում։
Imperial Orchestra-ի տվյալներով՝ կոլեկտիվն աշխարհում առաջին նվագախումբն է, որը ֆիլմի համար Յորանսոնի ստեղծած երաժշտությունը կատարել է ամբողջական սիմֆոնիկ գործիքավորմամբ։ The Odyssey (Symphonic Version) ստուդիական ալբոմը երաժշտական հարթակներում թողարկվել էր սեպտեմբերի վերջին։
Դուդուկի մասնակցությամբ ստեղծագործությունը կհնչի նաև հոկտեմբերի 10-ին Սանկտ Պետերբուրգում՝ Cinema Medley 2 սաունդթրեքների շոուի շրջանակում։
Ֆիլմի բնօրինակ երաժշտությունն ստեղծվել է առանց նվագախմբի․ Նոլանը Յորանսոնին խնդրել էր հրաժարվել նվագախմբային հնչողությունից։ Երաժշտության մեջ օգտագործվել են հին հունական գործիքներ՝ ավլոս և քնար, ինչպես նաև բրոնզե գոնգեր և էլեկտրոնային հնչյուններ։
Հայկական դուդուկը Հայաստանի ազգային երաժշտական գործիքներից է։ 2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկն ու դրա երաժշտությունը հռչակել էր մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգության գլուխգործոց, իսկ 2008 թվականին դրանք ընդգրկվել էին ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







