Դատարանը կալանավորել է Սյունիքի մարզի Ծավ գյուղի չշահագործվող հանքախորշերում հորատման գործիքներով ապօրինի աշխատանքներ կատարած երեք անձից մեկին, հայտնել է Քննչական կոմիտեն (ՔԿ)։
Ըստ գերատեսչության՝ Վարդենիսի բնակիչներ Լ.Ա.-ի, Կ.Մ.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով (ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառություն, որը պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ) և 383-րդ հոդվածի 1-ին մասով (ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը, որը պատժվում է մինչև 4 տարի ազատազրկմամբ)։
Թե երեքից ով է կալանավորվել, ՔԿ-ն չի հայտնել։
Խմելու ջրի ակունքից որոշակի հեռավորության վրա հայտնաբերվել և առգրավվել են հագուստ, շինարարական գործիքներ, պայթուցիկ նյութեր և պարկերով լցված հանքաքար, հայտնել է ՔԿ-ն։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ) սեպտեմբերի 14-ին զգուշացրել էր, որ Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը, և բնակիչներին կոչ էր արել ժամանակավորապես ջուրը չօգտագործել խմելու և կենցաղային կարիքների համար։ Ջրի աղտոտման դեպքի առթիվ քրեական վարույթ էր linq նախաձեռնվել։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ սնդիկի հայտնաբերումից հետո տուժածներ չկան։
ՔԿ-ն չի հստակեցրել, թե արդյոք այս դեպքերը կապ ունեն միմյանց հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







