Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 14:50

«Աբսուրդ», «ծաղրանք» և «արդարացի է». հարցում՝ թոշակը 1000 դրամով բարձրացնելու մասին

«Աբսուրդ», «ծաղրանք» և «արդարացի է». հարցում՝ թոշակը 1000 դրամով բարձրացնելու մասին

ՀՀ կառավարությունը նախատեսում է նվազագույն կենսաթոշակը 2027 թվականի հունվարի 1-ից բարձրացնել 1000 դրամով՝ 46 000-ից դարձնելով 47 000 դրամ (մոտ 130 դոլար)։ Դա մոտ 2,2% է, մինչդեռ 2027 թվականի պետական բյուջեի նախագծում գնաճը կանխատեսվում է 3%։

Միաժամանակ` նախատեսվում է բարձրացնել նաև բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։ Նախարարների պաշտոնային դրույքաչափը 998 000 դրամից (մոտ 2760 դոլար) կհասնի գրեթե 2 մլն դրամի (մոտ 5500 դոլար), պատգամավորներինը՝ 832 000 դրամից (մոտ 2300 դոլար) մոտ 1,5 մլն դրամի (մոտ 4150 դոլար), իսկ վարչապետինը՝ մոտ 1,4 մլն դրամից (մոտ 3900 դոլար) շուրջ 2,6 մլն դրամի (մոտ 7200 դոլար): Նվազագույն կենսաթոշակը վերջին անգամ բարձրացվել էր այս տարվա ապրիլի 1-ից՝ 36 000 դրամից դառնալով 46 000 դրամ։

Armenia Today-ը Երևանի փողոցներում քաղաքացիներից հետաքրքրվել է, թե ինչպե՞ս են նրանք գնահատում նախատեսվող բարձրացումները։

Հարցմանը մասնակցածների մեծ մասը քննադատել է թոշակի 1000 դրամով բարձրացումը՝ այն անբավարար համարելով՝ հատկապես պաշտոնյաների աշխատավարձերի նախատեսվող բարձրացման համեմատ։

Հարցվածներից ոմանք մատնանշել են, որ թանկացումների պայմաններում 1000 դրամի հավելումը չի կարող էական ազդեցություն ունենալ թոշակառուների առօրյա ծախսերի վրա։

«1000 դրամը եղանակ չի փոխի այս թանկության մեջ»,- ասել է հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացու խոսքով՝ նման չափով բարձրացումը չի լուծի թոշակառուների խնդիրները և ավելի շուտ ծաղրանքի տպավորություն է թողել։

«Չավելացնեն այդ 1000 դրամը, ոնց որ ծաղրանք լինի»,- ասել է նա։

Խոսելով կենսաթոշակի այն չափի մասին, որը կարող է բավարարել նվազագույն կարիքները, հարցվածներից շատերը նշել են առնվազն 100 000 դրամ։ Մյուսները կենսաթոշակի չափը կապել են միջին աշխատավարձի կամ սպառողական զամբյուղի հետ։ Քաղաքացիներից մեկն ասել է, որ 1000 դրամը չափազանց փոքր գումար է թոշակառուի որևէ էական կարիք հոգալու համար։

«Միջին աշխատավարձի գոնե կեսը պետք է լինի։ Եթե 300 կամ 400 է, գոնե մի 150-200 պետք է լինի թոշակը»,- ավելացրել է հարցման մյուս մասնակիցը։

Հարցվածներից շատերն ուշադրություն են հրավիրել կենսաթոշակների և պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման չափերի տարբերության վրա՝ այն անարդարացի համարելով։

«Իրենցը միշտ էլ բարձրանում է, մերը տեղում է մնում։ Կյանքի հերթական անարդարությունն է»,- ասել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ հարցվող առաջարկել է հակառակ իրավիճակը պատկերացնել՝ պաշտոնյաներին տալ թոշակառուների եկամուտը, իսկ թոշակառուներին՝ պաշտոնյաների աշխատավարձը։

«Դեպուտատների փողը տան թոշակառուներին, թոշակառուների փողը տան դեպուտատներին»,- ասել է նա։

Նման կարծիք է հայտնել նաև մեկ այլ քաղաքացի՝ առաջարկելով պաշտոնյաներին իրենց փորձով զգալ, թե ինչ է նշանակում ապրել այդ չափի թոշակով։

«Պաշտոնյաները գտնում են, որ իրենցն ավելի պիտի բարձրանա, թոշակառուներինը՝ քիչ։ Ուրեմն իրենք էլ հասնեն այդ թոշակառուներին և այդքանն ստանան»,- ասել է նա։

Միաժամանակ՝ հարցման երկու մասնակից պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումն արդարացված է համարել՝ դա կապելով նրանց պատասխանատվության և աշխատանքի բնույթի հետ։

«Այո, որովհետև իրենց պատասխանատվությունն ավելի մեծ է»,- ասել է հարցվածներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի բարձր աշխատավարձը դիտարկել է որպես կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու միջոց։

«Անընդհատ քարոզում ենք, որ վերևից կաշառակերություն չլինի, կաշառք չվերցնեն։ Բայց աշխատում են մարդիկ, չէ՞։ Աշխատավարձը պետք է բարձրացնեն, որ մարդիկ աշխատեն, զերծ մնան այդպիսի այլևայլություններից»,- ասել է նա։

Դիտեք նաև՝

«Կարողա խաբեն», «Աստված օրհնի մեր ղեկավարությանը» և «իրանց ռեյտինգն են ապահովում». հարցում՝ թոշակների բարձրացման մասին

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+