ՀՀ ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Արարատի մարզի Նոր Կյուրինում Այնթապ գյուղի 54-ամյա բնակչի վրա հարձակման մասին։
Ոստիկանության տվյալներով՝ Նոր Կյուրինի 49-ամյա բնակիչը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունից հետո հրացանով կրակել և վիրավորել է նրան։ Վիրավորը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Ոստիկանության տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին՝ կեսգիշերն անց, տղամարդիկ վիճաբանել և փոխադարձ հարվածներ էին հասցրել միմյանց։
Ավելի ուշ Այնթապի բնակիչը գնացել էր Նոր Կյուրին՝ վիճաբանությունը շարունակելու, որտեղ, ոստիկանության վարկածով, մյուս տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել և վիրավորել էր նրան։
Ոստիկանները ձերբակալել են 49-ամյա տղամարդուն։ Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Armenia Today-ին չհաջողվեց կապ հաստատել ՆԳՆ-ի հետ՝ պարզելու, թե արդյոք դեպքը կապ ունի՞ «Մանախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի ձերբակալման հետ։
Այվազյանի փաստաբան Աննա Ծառուկյանը հոկտեմբերի 2-ին հայտնել էր, որ Այվազյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 1-ին՝ «հրազենային վնասվածքի ենթադրյալ դեպքի» առթիվ։ Այլ մանրամասներ, նախաքննության գաղտնիության պատճառով, նա չէր հայտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







